Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Բեյզ Մեթըլսը» ԼՂՀ ամենամեծ հարկատուն է

«Բեյզ Մեթըլսը» ԼՂՀ ամենամեծ հարկատուն է
03.10.2008 | 00:00

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ
Հայաստանի մի շարք պետական բուհերի ավելի քան 120 ուսանողներ սեպտեմբերի 26-28-ը հյուրընկալվել էին Արցախում։ Այցելության նախաձեռնողը «Վալլեքս» խումբն էր։ Հայաստանցի ուսանողները (որոնց մեծագույն մասն առաջին անգամ էր Լեռնային Ղարաբաղում) ճանաչողական այց կատարեցին ԼՂՀ Դրմբոնի հանքահարստացուցիչ ֆաբրիկա։ Հայաստանի ապագա լեռնագործները, գյուղատնտեսները, տնտեսագետները և այլ ոլորտների մասնագետներ ծանոթացան Դրմբոնի հանքահարստացուցիչ ֆաբրիկային, «Վալլեքս» խմբի բնապահպանական քաղաքականության սկզբունքներին, շփվեցին արցախցի իրենց հասակակիցների հետ և եղան Արցախի տեսարժան վայրերում։

Հայաստանցի երիտասարդների հետ հանդիպեց նաև ԼՂՀ ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը։ ԼՂՀ նախագահը հանգամանորեն պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք առնչվում էին հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին։
ՈՒսանողների համար հատկապես տպավորիչ էր այցելությունը Դրմբոնի հանքահարստացուցիչ ֆաբրիկա։ Այստեղ նրանք տեսան, թե ինչպես է արդյունահանվում հանքաքարը և ինչպես է անցնում մշակման բոլոր փուլերը։ Նշենք, որ Դրմբոնի հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի ամենամեծ հարկատուն է և խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը, որի տարեկան ապրանքաշրջանառությունը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը։ Ընկերությունն արտադրում է պղինձ-ոսկու խտանյութ, արդյունահանում շինարարական քարեր և արտադրում շինանյութեր, իրականացնում մետաղական և այլ օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություններ։ Արդեն 6-ամյա պատմություն ունեցող ֆաբրիկան կառուցվել է զրոյական վիճակից։ Այդ տարածքում գոյություն չի ունեցել ոչ մի ենթակառուցվածք, և այդ պայմաններում ընդամենը 13 ամսվա ընթացքում կառուցվել է բարձր տեխնոլոգիաներով հագեցած ամենաժամանակակից ֆաբրիկա, որտեղ այսօր աշխատում է 1200 մարդ։ «Բեյզ Մեթըլսի» 1200 աշխատակիցներից մոտ 500-ը հրավիրված են Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Միջին աշխատավարձն այստեղ 172 հազար դրամ է։ Ձեռնարկությունը բավականին մեծ կշիռ ունի ԼՂՀ տնտեսական կյանքում։ Տարիներ շարունակ այն ապահովել է ԼՂՀ բյուջեի մուտքերի ավելի քան 30 տոկոսը։ «Բեյզ Մեթըլսի» տնտեսական ցուցանիշներն այնքան շոշափելի են, որ կարող են տեղ գրավել անգամ ՀՀ ամենախոշոր հարկատուների ցուցակի 1-ին կամ 2-րդ տասնյակում։ «Բեյզ Մեթըլսը» 2006 թ. ունեցել է 24,8 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, 2007-ին՝ 35,4 մլն դոլարի։ «Բեյզ Մեթըլսի» դերը ԼՂՀ տնտեսության զարգացման հարցում մեծապես կարևորում է նաև նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ նրա՝ այս ձեռնարկության գործունեությունն է հնարավորություն տվել երկրում իրականացնել բազմաթիվ տնտեսական ծրագրեր։ «Այս ընկերությունն ունի բազմակողմանի նշանակություն, որովհետև առաջին անգամ «Բեյզ Մեթըլսը» մեր երկրում իրականացրեց մի գործունեություն, որտեղ միաժամանակ ընդգրկված էր և՛ ԼՂՀ-ի, և՛ ՀՀ-ի գիտական ներուժը։ Մենք հնարավորություն ունեցանք ժամանակակից չափանիշները կիրառելու մեր կյանքում, իրականացնելու յուրահատուկ կադրային քաղաքականություն։ Առաջին անգամ հնարավորություն ունեցանք ստեղծելու միանգամից ավելի քան 1000 աշխատատեղ։ Եվ սա ոչ միայն աշխատատեղերի ապահովում էր, այլև յուրահատուկ աշխատանքային կուլտուրայի ձևավորում։ Իսկ դա առաջին հերթին աշխատանքային կարգապահության արդյունք է, որն այդ ընկերության գործունեության հիմքն է կազմում։ Սա միայն մասնավոր ընկերություն չէ, այն մեր ընդհանուր երկրի մի մասն է, և բացի տնտեսական գործունեությունից, «Բեյզ Մեթըլսի» ղեկավարությունն իրականացնում է գործունեություն նաև տարբեր ոլորտներում, հատկապես՝ բարեգործական»,- նշեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Ինչ վերաբերում է հանքավայրի շահագործման ընթացքում բնապահպանական նորմերի պահպանմանը, ապա ԼՂՀ նախագահն ընդգծեց, որ սկզբնական շրջանում ամենատարբեր մեկնաբանություններ էին արվում, և կենցաղային մեկնաբանությունների գերի դառնալու վտանգ կար. «Մենք քաղաքակիրթ ուղիներ ենք գտել. հրավիրվել են մեր երկրի լավագույն մասնագետները, փորձագետները։ Պետությունն ինքն էր շահագրգռված համոզվելու՝ ինչքանով են համապատասխանում այդ մեկնաբանություններն իրականությանը։ Դուք ինքներդ կտեսնեք, որ հանքավայրի շահագործումը որևէ վտանգ չի սպառնում բնությանն ու մարդկանց առողջությանը։ Համենայն դեպս, այս տարիների ընթացքում Դրմբոնի տարածաշրջանի բնակչության կողմից այդ առնչությամբ որևէ բողոք չի եղել»։
ՈՒսանողության հետ հանդիպման ընթացքում «Վալլեքս» խմբի ղեկավարությունը ներկայացրեց նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Ի դեպ, կազմակերպիչները հրավիրել էին նաև Թեղուտի անտառի պահպանությամբ մտահոգ ուսանողների, ովքեր կրում էին «Ձեռքներդ հեռու Թեղուտից» մակագրությամբ հագուստներ։ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը և «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավար Արթուր Մկրտումյանը հանգամանորեն պատասխանեցին բնապահպան երիտասարդների հարցերին՝ հիմնավորելով, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում պահպանվելու են բնապահպանական բոլոր նորմերը, հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը։ Նշենք նաև, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն անկախ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից է։ Այս նախագծի միայն առաջին փուլը կպահանջի մոտ 280 մլն դոլարի ներդրումներ, որոնց շնորհիվ 2012-ից սկսած՝ կարտադրվի տարեկան մոտ 30 հազար տոննա պղինձ և մոտ 1000 տոննա մոլիբդեն խտանյութերում։ Պաշարների պետական հանձնաժողովի պետ Խաչիկ Սապոնջյանը նույնպես կարևորում է Թեղուտի շահագործումը. «Բնականաբար, Թեղուտի հանքավայրի շահագործմամբ բնության վրա ունենալու ենք ազդեցություն։ Բայց կարծում եմ, որ ընկերությունն իրոք լրջորեն մտածում է այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Ես ոչ թե բնապահպան եմ, այլ բնօգտագործող և այդ առումով գուցե այնքան էլ օբյեկտիվ չլինեմ, բայց կարծում եմ՝ ընկերությունը բնապահպանական նորմերն ապահովելու համար բոլոր հնարավոր քայլերն իրականացնում է և կիրականացնի նաև հետագայում։ Օրինակն ունենք արդեն Դրմբոնում։ Արդյոք նպատակահարմա՞ր է սառեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը։ Կարծում եմ՝ ոչ։ Մեր երկրի զարգացումը պահանջում է արդյունաբերության զարգացում, որի հիմքում էլ այսօր լեռնահարստացուցիչ արդյունաբերությունն է։ Ընդերքի հարստությունների արդյունահանումը սառեցնելը, որոնք պետությանը լրացուցիչ եկամուտներ են տալիս, կարծում եմ, սխալ է։ Չէ՞ որ անտառը վերականգնվող ռեսուրս է, և ըստ իս՝ արդյունաբերական գործընթացը կանգնեցնելը ճիշտ չի լինի»։
Ղարաբաղյան այցելության ընթացքում ուսանողները ներկա եղան «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի միջև պայմանագրի ստորագրմանը, որով «Վալլեքս» խումբը ԼՂՀ կառավարությանն անհատույց տրամադրում է 1 մլն դոլար՝ Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգման համար։ Բացի այդ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի և ՀՀ Լոռու մարզի ղեկավարները համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցին։ Առաջիկայում կմշակվի երկկողմ համագործակցության ծրագիր, որով կողմերը կառաջնորդվեն գալիք տարիներին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9423

Մեկնաբանություններ